ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Շենթոփը Բաքվում՝ ցինիզմի գագաթնակետը

Շենթոփը Բաքվում՝ ցինիզմի գագաթնակետը
21.10.2020 | 10:46

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը, որ Բաքվում է խորհրդարանական մեծ պատվիրակությամբ, երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հաղորդում է Անադոլու գործակալությունը:

Ընդունելով Մուստաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակությանը՝ Ալիևը կարևորել է նրանց այցը Ադրբեջան այդքան բարդ ժամանակներում և նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հետագայում էլ զարգանալու են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին, Շենթոփին, թուրք ժողովրդին՝ աջակցության համար: Շենթոփը հայտարարել է, որ Ադրբեջանին ու Թուրքիային կապում է ամուր և հաստատուն բարեկամությունը, որ խոր պատմական արմատներ ունի և հավերժ է շարունակվելու: «Թուրքիան աջակցում է Ադրբեջանի ճշմարիտ գործին: Երբ էլ Ադրբեջանը աջակցություն խնդրի, Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է նրա կողքին լինել ու օգնել»՝ ասել է Շենթոփը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանին աջակցելը շատ պատճառներ ունի. «Նախևառաջ Ադրբեջանը մեր ընկերն ու բարեկամն է: Երկրորդ՝ Ադրբեջանը պայքարում է ճիշտ գործի համար և պաշտպանում է հայրենի հողերը, որ օկուպացվել են: Այդ արդարացի պայքարին պետք է աջակցեն բոլորը: Եվս մեկ պատճառ՝ Հայաստանն արդեն սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանին, այլև մեր ամբողջ տարածաշրջանին: Դա օրենք չճանաչող կազմակերպություն է, որ հարձակվում է քաղաքացիական բնակչության վրա, սպանում կանանց ու երեխաներին՝ ռազմական հանցագործություններ կատարելով: Այս տեսակետից՝ Ադրբեջանը այն պետությունն է, որ պաշտպանում է կայունությունը տարածաշրջանում»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռուսները կասեին՝ կկուն փառաբանում է աքաղաղին: Մի կողմից՝ պարզ է, որ երկու ագրեսոր պետությունների ներկայացուցիչները միմյանց ուրիշ ասելիք չէին ունենալու, մյուս կողմից՝ պետական քաղաքականության աստիճանի բարձրացված ցինիզմն ու սուտը վերածվում են ահաբեկչության նաև տեղեկատվական մակարդակում: Ու այս խոսքերով նրանք խաբում են երկու երկրների ժողովուրդներին, որ արդեն ունակ չեն մտածել ու իրավիճակը համարժեք գնահատել: Ու փորձում են խաբել աշխարհին՝ մեկ ազգով ու երկու պետությամբ ու «խոր, պատմական արմատներով», որոնց գոյությանը հավատում են միայն իրենք և մեկ էլ նրանք, որ նավթի համը գերադասում են արժեքներից:

Դիտվել է՝ 8422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ